Հայաստանի Հանրապետությունում

 

 

 


Ամանոր և Ծննդյան տոներ. նշվում է դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը: Ոչ աշխատանքային օրեր են:

Բանակի օր. հունվարի 28, 1992 թ-ին այդ օրը հիմնադրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ոչ աշխատանքային օր է:

Սուրբ Վարդանանց տոն. բարի գործի և ազգային տուրքի տոն է, նշվում է Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:

Կանանց տոն.  մարտի 8, միջազգային տոն է, նշվում է 1911 թ-ից՝ գերմանական և միջազգային բանվորական շարժման գործիչ Կլարա Ցետկինի առաջարկությամբ: Ոչ աշխատանքային օր է:

Մայրության և գեղեցկության տոն. ապրիլի 7, սահմանվել է Հայ եկեղեցու Ավետման տոնի հիման վրա: Խորհրդանշում է Մարիամ Աստվածածնի սուրբ հղիության ավետման օրը:

Աշխատանքի օր. մայիսի 1, միջազգային տոն է, նշվում է 1890 թ-ից՝ որպես աշխատավորների միջազգային համերաշխության օր: Ոչ աշխատանքային օր է:

Երկրապահի օր. մայիսի 8, սահմանվել է 2002 թ-ին՝ Շուշիի ազատագրման (1992 թ-ի մայիսի 8–9) առթիվ: 

Հաղթանակի և խաղաղության տոն. մայիսի 9, ֆաշիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ ժողովրդի տարած հաղթանակի օրն է: ՀՀ-ում տոնվում է` ի նշանավորումն այդ հաղթանակում հայ ժողովրդի մասնակցության: Ոչ աշխատանքային օր է:

Հանրապետության տոն. մայիսի 28, 1918 թ-ի այդ օրը վերականգնվել է Հայոց անկախ պետականությունը, և հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Ոչ աշխատանքային օր է:

Երեխաների իրավունքների պաշտպանության օր. հունիսի 1, միջազգային տոն է, նշվում է 1950 թ-ից: Տոնի խորհուրդը աշխարհի երեխաներին պատերազմի վտանգից զերծ պահելն է, նրանց առողջությունը պահպանելը, պատշաճ կրթություն ու դաստիարակություն ստանալու իրավունքն ապահովելը:

Սահմանադրության օր. հուլիսի 5, 1995 թ-ի այդ օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է ՀՀ սահմանադրությունը: Ոչ աշխատանքային օր է:

Գիտելիքի, գրի և դպրության օր. սեպտեմբերի 1, նշվում է  նոր ուսումնական տարվա սկիզբը:

Անկախության տոն. սեպտեմբերի 21,  1991 թ-ի այդ օրը համաժողովրդական հանրաքվեով հռչակվել է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Ոչ աշխատանքային օր է:

Ուսուցչի օր. նշվում է հոկտեմբերի 5-ին: Ոչ աշխատանքային օր է:

Թարգմանչաց տոն. նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը և հայ դպրության սկիզբը:

 

 

 

Հիշատակի օրեր

 

 


Ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ապրիլի 24, նշվում է Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 1915 թ-ի այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվել են շուրջ 800 հայ մտավորականներ, որոնց մեծ մասը դաժանաբար սպանվել է կամ զոհվել աքսորի ճանապարհին: Ոչ աշխատանքային օր է:

Երկրաշարժի զոհերի հիշատակի օր. դեկտեմբերի 7, նշվում է 1988 թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի շուրջ 25 հզ. զոհերի հիշատակը:

Հայկական ժողովրդական և եկեղեցական տոներ

 

 

 



Ավանդաբար փոխանցվող կրոնաեկեղեցական և ժողովրդական տոներն են, որոնք սկզբնավորվել են հիմնականում նախաքրիստոնեական շրջանում և հետագայում հարմարեցվել քրիստոնեական տոնացույցին՝ պահպանելով հնագույն ծիսակարգին ու հավատալիքներին առնչվող մի շարք սովորույթներ և արարողակարգեր: 
Եկեղեցական տոները նվիրված են Հիսուս Քրիստոսին, Աստվածածնին, Սբ Խաչին, սրբերին, ազգային նշանավոր դեմքերին ու իրադարձություններին:

Ամանորը՝ Նոր տարին, ժամանակագրական առումով առաջին ժողովրդական տոնն է: Մինչև XIX դարը հայերը տարվա սկիզբը համարել են Նավասարդը, որը շարժական տոն էր և նշվել է օգոստոսից մինչև հոկտեմբեր–նոյեմբեր ամիսները: 
XIX դարում, ըստ Սիմեոն Ա Երևանցու տոնացույցի, Նավասարդը փոխարինվել է Ամանոր-Նոր տարով, որն էլ դարձել է տարվա սկիզբ, ամրագրվել հունվարի 1-ով՝ իբրև անշարժ տոն:

 Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Ջրօրհնեք և Մկրտություն անշարժ տոնը հունվարի 6-ին է. խորհրդանշում է Հիսուսի ծնունդն ու մկրտությունը: Հայ եկեղեցու 5 տաղավար տոներից առաջինն է: Հորդանան գետում Հիսուսի մկրտության խորհրդով և նախնյաց ծեսի (հնում այդ օրը մարդիկ որևէ իր են գցել հոսող ջրի մեջ՝ միաժամանակ կարևոր մի բան մտքներում պահելով, որովհետև ջուրը մաքրում է հողն ու մարդկանց) նմանությամբ Հայ եկեղեցում հունվարի 6-ին՝ Սբ Ծննդյան Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեքի արարողություն, որի ժամանակ Տերունական Խաչն ընկղմում են ջրի մեջ:

Սուրբ Սարգիսը երիտասարդների ու սիրահարների խորհրդավոր երազների կատարման տոնն է, նրանց ճակատագրի նախագուշակը: Կատարվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը:

Տյառնընդառաջ/Տրընդեզն անշարժ տոն է, կատարվում է փետրվարի 14-ին (նշվում է փետրվարի 13-ի երեկոյից): Երբ 40-օրական Հիսուսին ծնողները տարել են տաճար, նրանց ընդառաջ է եկել Սիմեոն ծերունին: Այստեղից էլ տոնի անունը՝ Տիրոջն ընդառաջ՝ Տյառնընդառաջ գնալ: 
Այս տոնը համարվում է գարնան ավետաբեր, առատ բերք ու բարիքի, նոր ամուսնացող զույգերի բարօրության, պտղաբերության նախագուշակ: Տոնի խորհուրդը խարույկ վառելն է. կրակը խափանում է չարը: Խարույկի վրայով ցատկում են երիտասարդները, նորապսակները, որպեսզի կատարվեն իրենց նպատակները, տարին բարի լինի, և նորահարսները մայրանան: Այս տոնին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Բարեկենդանը Մեծ պահքին նախորդող երկշաբաթյա տոնախմբությունների՝ ժողովրդական պարերի, թատերախաղերի, հարսանիքների ու խնջույքների ժամանակահատված է: Ավետում է բնության զարթոնքի սկիզբը: Առանձնանում են հատկապես երկրորդ շաբաթվա հինգշաբթին և վերջին՝ Բուն բարեկենդանի օրերը: Հինգշաբթին հանգուցյալների հիշատակության հատուկ օր է, Հայ եկեղեցու տոնացույցում հիշատակվում է որպես Վարդանանց նահատակության օր: 

Մեծ պահք/Մեծ պասն սկսվում է Բուն բարեկենդանի հաջորդ օրվանից: Այն 7- շաբաթյա ինքնաքննության, մաքրության ու ժուժկալության ժամանակաշրջան է, որի ընթացքում սովորաբար ուրախ հանդիսություններ, նշանադրություն և հարսանիք չեն անում: Ընդունված է հատուկ սահմանափակումներով՝ միայն բուսական կերակրատեսակներով սնվելու կարգ:

Ծաղկազարդ/Ծառզարդարը Մեծ պահքի 6-րդ կիրակին է, ազդարարում է բնության զարթոնքը: Գլխավոր արարողությունն առաջին ծաղկող ծառի՝ ուռենու և նորածիլ կանաչի օրհնությունն է: Տոնի խորհուրդը Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքն է Երուսաղեմ, երբ ժողովուրդը նրան դիմավորել է մեծ խանդավառությամբ՝ ճանապարհին արմավենու և ձիթենու կանաչ ճյուղեր փռելով: Հայ եկեղեցին Ծառզարդարի տոնը հռչակել է մանուկների օրհնության օր: 
Մեծ պահքի 7-րդ՝ Ավագ շաբաթը Հիսուսի տնօրինական վերջին խորհուրդների հայտնության շաբաթն է: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը: Ավագ շաբաթ՝ երեկոյան, եկեղեցում կատարվում է Ճրագալույցը, Սբ Պատարագի ժամանակ ավետվում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Սուրբ Զատիկը՝ Հայ եկեղեցու տաղավար տոներից երկրորդը, շարժական տոն է: Նշվում է գարնանային գիշերահավասարից հետո՝ լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը՝ մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում՝ 35 օրվա շարժականությամբ: Հայոց շարժական տոների օրերը պայմանավորվում են Զատկի տոնով: 
«Զատիկ» նշանակում է զատվել, ազատվել չարչարանքից: Նախապես եղել է հեթանոսական տոն: Քրիստոնեության շրջանում Զատիկը միավորվել է Քրիստոսի հրաշափառ Հարության հետ, որը բովանդակում է անընկճելի կյանքի խորհուրդ, իսկ ձուն, որից կյանք են առնում շատ ու շատ շնչավոր էակներ, այդ տոնի խորհուրդն է: Ձուն կարմիր ներկելը խորհրդանշում է Քրիստոսի արյան հեղումը Տիեզերքի փրկության համար: Սուրբ Զատկի, ինչպես և մնացած բոլոր տաղավար տոների հաջորդ օրը հանգուցյալների հիշատակի օր է՝ մեռելոց:

Համբարձումը Հարությունից հետո 40-րդ օրը Հիսուս Քրիստոսի երկինք համաբարձվելու և Հոր աջ կողմը նստելու հիշատակության օրն է: Կոչվում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի օր, Ծաղկամոր կիրակի: Այն երիտասարդների ճակատագրերը գուշակելու տոնն է: 
Վարդավառը Հայ եկեղեցու երրորդ տաղավար տոնն է. նշվում է Սբ Զատկից 14 շաբաթ անց՝ հուլիսի վերջին: Ըստ քրիստոնեական ավանդույթի՝ Վարդավառը համընկնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին: Ժողովրդական տոնը շատ ավելի հին ծագում ունի և կապվում է ջրի պաշտամունքի հետ: Մարդիկ զարդարվում են վարդերով և այլ ծաղիկներով, միմյանց վրա ջուր են ցողում, սպիտակ աղավնիներ են թռցնում երկինք՝ պապակ հողի համար անձրև խնդրելով: Օրվա ծիսական պտուղը խնձորն է, որը եկեղեցում օրհնվում է և այդ օրվանից թույլատրվում է ուտել: 
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Մարիամ Աստվածածնի երկինք փոխադրվելու հիշատակի օրն է: Հայ եկեղեցու չորրորդ տաղավար տոնն է: Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը: Այդ օրը մարդիկ նաև եկեղեցի են բերում առաջին անգամ քաղած խաղողը, որպեսզի օրհնվի (այստեղից էլ` տոնի ժողովրդական անունը՝ Խաղողօրհնեք), միաժամանակ դա նվիրաբերություն է Աստվածածնին: Խաղողի պաշտամունքը հին սովորություն է. նախաքրիստոնեական Հայաստանում խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը: 
Խաչվերաց տոնը (կոչվում է նաև Սուրբ Խաչ, Սըբխեչ, Ուլոց) Հայ եկեղեցու վերջին՝ հինգերորդ տաղավար տոնն է. նշվում է սեպտեմբերի 14-ի մերձակա կիրակի օրը: Մարդիկ այցելում են մերձավորների շիրիմներին: Այդ օրն ընդունված է ուլ խորովելը: Քրիստոնեության շրջանում տոնը կապվել է Սբ Խաչի գերությունից դարձի (վերադարձի) պատմության հետ՝ ստանալով նոր խորհուրդ:
Բոլոր ժողովրդական տոներն ուղեկցվել են երգ-երաժշտությամբ, արտասանություններով, որոնք մշակել ու ժողովրդին են ներկայացրել բանաստեղծները, կոմպոզիտորները, գեղանկարիչները և ուրիշներ: Լավագույն օրինակ է Համբարձման տոնի նկարագրությունը Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմում:

Write a comment

Comments: 4
  • #1

    Սիրանուշ Ասատրյան (Friday, 22 November 2013 13:24)

    Պետքական բան ես գտել......:)))))

  • #2

    Vika (Thursday, 26 November 2020 05:20)

    Apres

  • #3

    Anahit (Tuesday, 21 November 2023 10:18)

    Barsechjan��

  • #4

    Անի (Friday, 24 November 2023 06:38)

    Մելեցյան